Արեւելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանդրին որպես Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայացուցիչ սեպտեմբերի 27–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմասնակցի Մյուռոնօրհնեքի արարողությանը։
Վատիկանի ռադիոյի կայքը տեղեկացնում է, որ կարդինալը սեպտեմբերի 23–ին հնգօրյա այցով կժամանի Հայաստան։ Սեպտեմբերի 24–ին Գյումրիի «Սրբոց Նահատակաց» եկեղեցում կարդինալը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոսի հետ մասին կնախագահի եկեղեցու օծման արարողությունը, որին կմասնակցի նախագահ Սերժ Սարգսյանը։
Կարդինալ Սանդրին Հայաստանում կհանդիպի նաեւ սիրիահայ փախստականների հետ։
Ավելի վաղ` սեպտեմբերի 21–ին, Կարդինալ Լեոնարդո Սանդրին ՀՀ անկախության 24–րդ տարեդարձին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցել Հռոմի Սուրբ Վլասի անվան եկեղեցում։
Արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, որին մասնակցել են նաեւ Վատիկանում հավատարմագրված այլ երկրների դիվանագետներ, հոգեւորականներ, հայ եւ իտալացի հավատացյալներ։
«Ձեր նահատակության եւ տառապանքի պատմությունը արժեքավոր մարգարիտ է, որով հպարտ է նաեւ տիեզերական եկեղեցին։ Փրկիչի հանդեպ հավատքը ձեզ շնորհեց հիանալի քաջություն ձեր ուղեւորության մեջ, որը շատ անգամ նման է խաչի ուղեւորության, որն անցաք ձեր ազգի եւ հավատացյալի ինքնությունը պահելու վճռականությամբ»,– հայ հավատացյալներին ուղղված քարոզում ասաց կարդինալ Սանդրին։




























