Տալլինի քաղաքապետ եւ ընդդիմադիր Կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Էդգար Սավիսաարը, որին կասկածում են կաշառք ստանալու մեջ, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտարարել է, որ ինքը «բյուրեղի պես մաքուր է», իսկ իր դեմ հարձակումների հետեւում թաքնված են ներկա իշխանությունները, որոնք չեն ցանկանում իրեն տեսնել քաղաքականության մեջ:
«Ինձ վրա հարձակվում են, որովհետեւ ես երկու ոտքով վերադարձա քաղաքականություն: Ես բյուրեղի պես մաքուր եմ»,-ասել է Սավիսաարը կարճ բրիֆինգի ժամանակ:
Նա նշել է, որ խոսքն իր եւ իր ղեկավարած կուսակցության դեմ ուղղված քաղաքական հարձակման մասին է, որը կազմակերպել են իշխանությունները, եւ փորձում են դրանով թաքցնել իշխող կոալիցիայում առկա սկանդալները:
Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը բերման է ենթարկել Սավիսաարին բազմաթիվ անգամ կաշառք վերցնելու կասկածանքով: Նրան սպառնում է 1-10 տարվա ազատազրկում:
Իրավապահները ողջ օրվա ընթացքում հարցաքննել են քաղաքապետին, խուզարկություններ իրականացրել նրա տանը: Քննչական գործողությունների ավարտից հետո իրավապահներն առգրավել են մի շարք փաստաթղթեւ եւ համակարգիչներ: Սավիսաարին չեն ձերբակալել, նա մնացել է տանը, իսկ այսօր առավոտյան մասնակցել է քաղաքային խորհրդի նիստին:




























