Գերմանիայի կառավարությունը չգիտի, թե ինչպես է պետք արձագանքել ներգաղթյալների հոսքին, եւ դա շատերին վախ է ներշնչում։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահախորհրդարանի պատգամավոր Մարկուս Պրետցելը։
«Գերմանիայի քաղաքականությունը խնդիրներ է ստեղծում ոչ միայն Բեռլինի համար, այլ նաեւ ողջ Եվրոպայի։ Հունաստանը, Հունգարիան, Ավստրիան լրջորեն վախեցած են»,- ընդգծել է նա։
Քաղաքական գործիչը նշել է, որ Վաշինգթոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է 10 հազար սիրիացի փախստականի ընդունել, ոչինչ չի նշանակում։ Միայն Գերմանիան հունվարից 53 հազար սիրիացի փախստական է ընդունել, եւ դրանց թիվը գնալով աճում է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա ընդգծել է, որ Գերմանիան չի կարող փախստականներին աշխատանք առաջարկել, քանի որ նրանք գերմանական աշխատաշուկայի համար բավական որակավորված չեն։ «Գերմանիան չի կարող շահագործել այդ աշխատուժը, այլ ինքն է տարիներ շարունակ նրանց պահելու։ Դա հսկայական գումարներ է արժենալու։ Չեմ կարծում, որ Գերմանիան կդիմանա այդ ծախսերին»,- ասել է նա։




























