Երեւանի կենտրոնում 2014թ. դեկտեմբերի 26–ին թուրք լրագրողուհուն մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Արամ Գրիգորյանը դեպքի օրը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները՝ մեքենայի չաշխատող լուսարձակների եւ փողոցի վատ լուսավորության պայմաններում` մեքենան վարելով մոտ 50 կմ/ժ արագությամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց մահացած թուրք լրագրողուհու իրավահաջորդի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը՝ ավելացնելով։
Փաստաբանի խոսքով` մեղադրյալը կարող էր խուսափել վրաերթից, եթե մեքենայի լուսարձակները աշխատեին, եւ մեղադրյալը շուտ նկատեր փողոցում ընկած կնոջը։
Փաստաբանի խոսքով՝ դեպքի տեսագրությունում հստակ երեւում է, որ մյուս մեքենաները շրջանցում են նրան, մինչդեռ միայն Գրիգորյանը նրան չի նկատում։
Արամ Գրիգորյանը հակադարձեց, որ ինքն էլ է տեսագրությունը տեսել, որտեղ երեւում է, որ իրենից առաջ մի սպիտակ մեքենա անցնում է լրագողուհու կողքով եւ արգելակում, որից հետո կինն ընկնում է։
«Ես չէի պատկերացնի, որ այդ մասում մարդ կարող է լինել, մի քիչ մոտեցա, տեսա, որ ինչ-որ բան կա գետնին, չհասկացա՝ շուն ա, ինչ ա, մի քիչ էլ մոտեցա, գոռացի՝ վայ, վայ, մարդ ա, ու արգելակեցի»,-ասաց մեղադրյալը։
Նիկոլայ Բաղդասարյանը պնդեց, որ Գրիգորյանի մեքենայի մոտակա լուսարձակները անսարք են եղել, այդ պահին միացրած են եղել հեռահար լուսարձակները, եւ հնարավոր է եղել տեսնել, որ այդ հատվածում մարդ կա։ Սակայն մեղադրյալը պնդեց, որ մոտակա լուսարձակներն են աշխատել։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը եւ մեղադրողը միջնորդեցին հրապարակել մեղադրյալի նախաքննական ցուցմունքը, որտեղ նշված էր, որ արգելակելուց հետո կնոջ մարմինը «քըռքաշ» 10-15 մետր մեքենան տարել է իր հետ, որով, ըստ նրանց, ապացուցվում է, որ վրաերթ է կատարվել։
Արամ Գրիգորյանը, պնդեց, որ ինքը մեքենան արգելակել է, հենց որ դիմացն ինչ-որ բան է նկատել, որպեսզի «լինի շուն, կամ իր» անիվներով վրայով չանցնի։
«Ես տաքսի եմ վարում, ուղեւորիս հետ անմիջապես իջանք, ավտոյի հետեւում նայեցինք, բան չկար, հետո տեսա`առաջամասում մի կին է, կրծքավանդակից մեքենայիս տակ։ Նստեցի, մեքենան հետ տվեցի, զանգեցի ոստիկանություն եւ շտապօգնությումբ։ Ավելի շուտ չէի նկատել, որովհետեւ շատ ուշ էր ու մութ», ասաց Գրիգորյանը, պնդելով, որ վրաերթի չի ենթարկել թուրք լրագրողուհուն։
Տուժող կողմը միջնորդեց դատարան հրավիրել փորձագետ, դատատեխնիկ Խորեն Զաքարյանին, որը կպարզաբանի, թե լուսարձակներն ինչ տեսանելիություն են ապահովել, երբ էր հնարավոր մեքենայի վերջնական կայանումը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Գրիգորյանը «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի կողմից Մաշտոց պողոտայով դեպի Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, շուրջ 40 կմ/ժամ արագությամբ, իր ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում: Չհասած Մաշտոց եւ Թումանյան փողոցների խաչմերուկին` թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջին հակասող գործողություն, այն է` իր ընթացքի ուղղությամբ, առջեւում` երթեւեկելի ուղեմասում պառկած Գ. Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած, երթեւեկության անվտանգությունն ապահովելու եւ վերջինիս նկատմամբ վրաանցումը կանխելու նպատակով, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել իր վարած ավտոմեքենան մինչեւ Գ. Ջոշարին հասնելը, որի տեխնիկական հնարավորությունն ունեցել է եւ ինքն իրեն զրկելով վրաերթը` վրաանցումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ավտոմեքենայի առջեւի մասով վրաերթի է ենթարկել վերջինիս եւ անզգուշությամբ պատճառել մահ:
Արամ Գրիգորյանը իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով, որ տվյալ տարածքում նախատեսված թույլատրելի արագությունը չի գերազանցել, եւ չի պատկերացրել, որ այդ տարածքում մինչ-որ մեկը կարող էր լինել։ Նրա խոսքով կինը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, եւ պառկած է եղել փողոցում։




























