Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համաձայնության է եկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթեհ Աս Սիսիի հետ «Միստրալ» տիպի 2 ուղղաթիռակիրների վաճառքի պայմանների շուրջ։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով France 24 հեռուստաընկերությունը։ Նշենք, որ այդ «Միստրալները» նախատեսված էին Ռուսաստանի համար։

Ավելի վաղ ֆրանսիական մամուլը հայտնում էր, որ եգիպտական պատվիրակությունը Ֆրանսիայի իշխանությունների հետ բանակցություններ է վարում «Միստրալ» տիպի 2 ուղղաթիռակիրների վաճառքի շուրջ։ Հաղորդվում էր, որ գնելու դեպքում դրանք կտեղակայվեն Կարմիր եւ Միջերկրական ծովերում։

Նշենք, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան 2011թ. «Միստրալների» մատակարարման համաձայնագիր էին ստորագրել։ Առաջին նավը Ռուսաստանը պետք է ստանար 2014թ.-ին, սակայն դրան խանգարեցին ԵՄ ընդունած հակառուսական պատժամիջոցները։