ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությունը, այն է` ստեղծել Երիտասարդական խորհրդարան Հարավային Կովկասի 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչների համար, արժանացել է դրամաշնորհի: Հիշեցնենք, որ այս նախագիծը առաջարկվել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի(NIMD) կողմից սույն թվականի մարտի 26-30-ը Քութայիսի քաղաքում գտնվող վրացական խորհրդարանում անցկացված Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 3-րդ համաժողովի ընթացքում: Մասնակից երկրների տարբեր քաղաքական ուժերի ողմից ներկայացված հայտերից ընտրվել է հենց ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության առաջարկած նախագիծը, որի շուրջ համախմբվել են ՀՀ բոլոր պառլամենտական ուժերը: Վրաստանից ՀՀԿ ԵԿ հետ համագործակցել են Ազատ-դեմոկրատները:

Հարավային Կովկասի Երիտասարդական խորհրդարանը առցանց հարթակ է 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչների համար, որը նախատեսում է տեսաձայնային նիստերի վարում: Այն իր մեջ ներառելու է նաեւ հատուկ երիտասարդ քաղաքական գործիչների համար նախատեսված սոցիալական ցանցի ստեղծում:  

Հարավային Կովկասի Երիտասարդական խորհրդարանը ունենալու է 3 համանախագահներ անդամ բոլոր երկրներից:

Երիտասարդական խորհրդարանի կանոնակարգում ապահովված են ընդդիմության կամարտահայտման բոլոր երաշխիքները, որը մասնավորապես անհրաժեշտ է Ադրբեջանում խոսքի ազատության ապահովման եւ ադրբեջանական ընդդիմության քաղաքական իրավունքների դրսեւորման համար:

Հարավային Կովկասի Երիտասարդական խորհրդարանը գործելու է հաջորդ տարվանից եւ գլխավոր նպատակը լինելու է 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչների միջեւ շփման հարթակի ստեղծումը:

«ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը իր վրա պատասխանատվություն է վերցնում թե' Հայաստանի, եւ թե' Հարավային Կովկասի բոլոր երկրների երիտասարդական կազմակերպությունների կառուցողական երկխոսության ստեղծման համար»,-նշեց ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար, վերոնշյալ նախագծի համահեղինակ Հայկ Մամիջանյանը եւ հավելեց. «Սա եզակի նախագիծ է եւ տարածաշրջանում ստեղծվելու է առաջին անգամ: Վստահ ենք, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ունի դրա համար անհրաժեշտ մասնագիտական եւ քաղաքական ներուժը»: