Երեւանում սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը ճանաչել է կասկածյալներից մեկին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:
«Այսօր փաստաբան եք ներգրավվել գործում, եւ քիչ առաջ քննչական գործողություններ էին իրականացվում Սմբատի հետ, որի արդյունքում նա ճանաչել է կասկածյալներից մեկին»,-ասաց ազատամարտիկը՝ նշելով, որ իրենք եւս մեկ փաստաբանի կներգրավվեն գործում:
Նրա խոսքով՝ այս պահին Սմբատ Հակոբյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքով արդեն կան բերման ենթարկվածներ:
Բերման են ենթարկվել 28-ամյա Ա. Գրիգորյանը եւ 28-ամյա Հ. Պետրոսյանը, եւ 36-ամյա Ա. Սարգսյանը:
Նշենք, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող:




























