Եվրոպայի միգրացիոն ճգնաժամը նպաստում է, որ բրիտանացիների շրջանում շատանան ԵՄ-ից դուրս գալու տրամադրությունները, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը:
«Քաոսի ու կարգուկանոնի բացակայության զգացողության դեպքում հասարակությունը սովորաբար բացասաբար է արձագանքում»,- Բրյուսելում լրագրողներին հայտարարել է նախարարը ՝ մեկնաբանելով ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցը, հայտնում է Telegraph թերթը:
Ըստ հասարակական կարծիքի հարցման, որի արդյունքները հրապարակվել են սեպտեմբերին, հարցման մասնակիցների 43 տոկոսը կողմ է, որ Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից, 40 տոկոսը դեմ է: Հարցման մասնակիցների 17 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել այս հարցին: Դեռ երկու ամիս առաջ նույնատեսակ հարցումը ցույց է տվել, որ հարցման մասնակիցների կեսից ավելին կքվեարկեր երկրի ՝ ԵՄ –ի կազմում մնալու օգտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախարարն ինքը Twitter-ի իր աքաունթում գրել է,որ «ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցության ապագան որոշվելու է բրիտանացիների համար ծախսերի ու եկամուտների ճիշտ հավասարակշռության ապահովման միջոցով»:




























