Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ տարոն Մարգարյանին՝ առաջարկելով «էրեբունի-Երեւան» տոնակատարության ծախսերից մի մասն ուղղել սահմանամերձ որեւէ գյուղի մի խնդիր լուծելուն:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Մեկ տարի առաջ դիմել եմ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկելով էրեբունի-Երեւան տոնակատարության առթիվ, որպես նվեր, ծախսերի մի մասն ամեն տարի ուղղել սահմանամերձ մի գյուղի որեւէ խնդիր լուծելու նպատակով: Անցյալ տարի առաջարկս չի ընդունվել, համարձակվում եմ այս տարի կրկնել այն ու ասել, որ սահմանամերձ գյուղերի մեր ժողովուրդը պարզապես նախանձով է նայում, թե ինչպես Երեւանում մեզ թույլ ենք տալիս նման ահռելի ծախսեր, երբ կան գյուղեր, որոնք ունեն, օրինակ ջրի, դպրոցի կամ մանկապարտեզի խնդիր:
Որքան լավ կլիներ, եթե Երեւանի այս տարվա հերթական տարեդարձի առթիվ որեւէ գյուղի մի խնդիր լուծեինք,այդ գյուղի ժողովուդը որքան ուրախ կլիներ ու կզգար, որ ինքը գտնվում է նաեւ Երեւանի իշխանության ուշադրության կենտրոնում: Կան երիտասարդներ, ովքեր սահմանամերձ գյուղերի հոգսերով մտահոգված, իրենց պարտքն են համարում սատարել նրանց, բայց նրանց ուժերն անհամատեղելի են մայրաքաղաքի հնարավորությունների հետ: Կարծում եմ երեւանցիներս նույնպես մեզ լավ կզգայինք:
Այն շռայլությունը, որը թույլ ենք տալիս Երեւանում, չափազանց խտրական մոտեցում է, կարծում եմ անհամատեղելի մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների աղքատ իրականության հետ, անարդար է ու անհասկանալի նաեւ երեւանցիներիս համար:
Հարգելի պարոն Մարգարյան, խնդրում եմ քննարկել երեւանցիներիս առաջարկն ու այս տարի էրեբունի-Երեւան տոնակատարության համար նախատեսված ծախսերի մի մասի հաշվին իրականացնել որեւէ ծրագիր սահմանամերձ գյուղերից մեկում:




























