Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում ներկայումս խուճապ է, շատ գյուղեր գրեթե դատարկվել են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրականում լարվածություն է զգացվում: «Վերջին օրերին լարվածությունն աճել է կապված սահմանամերձ տարածքներում խաղողի բերքահավաքի հետ: Սակայն Հայաստանի սահմանամերձ գյուղերում խուճապ չկա»,-ընդգծել է Մելիքյանը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին, ՀՀԿ-ական պատգամավորը նշել է, որ առաջընթաց չկա: «Տա Աստված, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն իսկապես տեղի ունենա»,-հույս է հայտնել նա ու հավելել, որ թեեւ Ադրբեջանը տեղեկատվություն չի տարածել, որ Իլհամ Ալիեւը մեկնելու է Նյու Յորք: «Եթե այդ հանդիպումը կայանա, ես կարծում եմ՝ դա արդեն առաջընթաց կլինի»,-ամփոփել է պատգամավորը:




























