Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի է ունեցել Մարգարյան 45 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությունը: 4-րդ կարգի վթարայնության Սիսակյան 3 եւ Նոր-Արեշ 35 փողոց N127/1 հանրակացարանային շենքերում բնակվող շուրջ 100 ընտանիքներ այսուհետ կապրեն անվտանգ ու հարմարավետ բնակարաններում: Երջանիկ տանտերերին նոր բնակարանների բանալիներն ու սեփականության վկայականները հանձնել է անձամբ քաղաքապետը:
Շնորհավորելով բնակիչներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է. «4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրը մշտապես եղել է քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում ու հատկապես վերջին տարիներին այս ուղղությամբ մենք հստակ քայլեր նախաձեռնեցինք: Մենք, կառավարության հետ համատեղ, 2013 թվականին լուծեցինք առաջնահերթ վերաբնակեցման ենթակա 207 ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը: Որպես ծրագրի շարունակություն՝ անցյալ տարի մենք սկսեցինք եւս 4 շենքերի կառուցումը, որոնցից Մարգարյան 45 հասցեի այս շենքից շուրջ 100 բնակարաններ այսօր հանձնեցինք Սիսակյան 3 եւ Նոր-Արեշ 35 փողոցի N127/1 հանրակացարանային շենքերի բնակիչներին»:
Նշվել է, որ նախկին վթարային շենքերի տեղերում կառուցված ու դեռեւս կառուցվող բոլոր շենքերը համապատասխանում են սեյսմակայունության ժամանակակից չափորոշիչներին: Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15, Շինարարների 6 եւ Սիսակյան 16 հասցեներում կառուցվող շենքերը մինչեւ տարեվերջ հետզհետե շահագործման կհանձնվեն: Ընդհանուր առմամբ՝ չորս նոր շենքերի կառուցմամբ կլուծվի 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող եւս շուրջ 450 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը, որով էլ, ըստ էության, մայրաքաղաքում ամբողջությամբ լուծում կստանա 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բոլոր բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրը:
«Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ 4 շենքերի շինարարության ավարտով մենք, ինչպես եւ խոստացել էինք, մինչեւ տարեվերջ ամբողջությամբ լուծում ենք 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրը: Եվ սա իսկապես մեծ ձեռքբերում է, քանզի, այսպիսով, վերջնականապես լուծում ենք շուրջ 650 ընտանիքների վերաբնակեցման խնդիրը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը շրջել է բնակարաններում եւ բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: Բոլոր բնակարանները բնակիչներին հանձնվում են լիովին հարդարված ու բնակության համար միանգամայն պատրաստի վիճակում: Յուրաքանչյուր բնակարան ապահովված է նաեւ ջեռուցման անհատական համակարգով:




























