ՎիվաՍել-ՄՏՍ-ը «ԱրմՌոբոտիքս»-ի ռոբոտաշինական խմբակներին տրամադրելու է շահագործված բջջային հեռախոսներ, որոնց դպրոցականները «երկրորդ կյանք» են տալու` դրանց դետալներն օգտագործելով ռոբոտներ պատրաստելու համար: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

«Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով բնապահպանական խնդիրները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը քայլեր է ձեռնարկում՝ երիտասարդների շրջանում հեռախոսների առավել պատասխանատու գործածման եւ դրանցից անվտանգ կերպով ձերբազատվելու վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաեւ թափոնի վերածված բջջային հեռախոսների վերամշակումն իրականացնելու նպատակով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախաձեռնության մեկ այլ բաղադրիչը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հատուկ արկղերի տեղադրումն է, որտեղ հաճախորդները կկարողանան թողնել ոչ պիտանի բջջային հեռախոսներ, որոնք եւս կհանձնվեն «ԱրմՌոբոտիքս»-ի խմբակներին: Ընկերության ֆեյսբուքյան էջում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների 61 տոկոսն ունի ավելի քան 6 հին բջջային հեռախոս: Նրանց մեծ մասն այժմ սմարթֆոն է օգտագործում եւ յուրաքանչյուր 18-24 ամիսը մեկ այն փոխարինում է նոր մոդելով: Հարցումը ցույց է տվել նաեւ, որ մասնակիցների 55 տոկոսը աղբն է նետում հին հեռախոսները կամ պահում է դրանք դարակում:

Ի դեպ, ռոբոտասերների համար կազմակերպվում է «RoboFest» փառատոն: «EcoRobot» մրցույթը փառատոնի մի մասն է կազմում, որի պահանջն է ստեղծել ռոբոտ` օգտագործելով տեխնիկական եւ կենցաղային թափոններ: Մրցույթի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա, ցույց տալ, որ տեխնոլոգիաների զարգացումը կարող է ծառայել նաեւ բնապահպանությանը՝ վերամշակման միջոցով թափոնը վերածելով գեղեցիկ ու օգտակար իրերի:

 «RoboFest»-ն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 2-ից 4-ը՝ «DigiTec Expo» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում:

Նշենք, որ «ԱրմՌոբոտիքս»-ը նպատակ ունի զարգացնել ինժեներական մտածողությունը դպրոցականների շրջանում: Այն մեկնարկել է դեռեւս 2008 թ. եւ իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից: Ծրագրի շրջանակում Հայաստանի եւ ԼՂՀ-ի 80 դպրոցում գործում են ռոբոտաշինության խմբակներ, որտեղ ներգրավված է շուրջ 800 աշակերտ: