Ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանին դեռ տարիներ առաջ էին առաջարկել իր մասին ֆիլմ նկարահանել, սակայն հրաժարվել էր։ Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Օֆելյա» ֆիլմի պրեմիերայից առաջ լրագրողների հետ հանդիպմանը երգչուհին նշեց, որ համաձայնվել է՝ նկատելով ռեժիսորի սերն իր արվեստի նկատմամբ։
«Հաշվի առնելով ռեժիսորի՝ Հայկ Վարդանյանի սերը իմ երաժշտության, ժողովրդական երգի հանդեպ՝ համաձայնվեցի։ Որոշեցի առիթը բաց չթողնել։ Մի քիչ ձգձգվեցին նկարահանումները, սակայն գոհ եմ. լավ աշխատանք է կատարվել»,- ասաց երգչուհին։
Ֆիլմն առաջիկայում ցուցադրվելու է արտերկրում, որից հետո միայն Հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել այն։
«Ֆիլմի տեւողությունը հիսունհինգ րոպե է, սակայն նյութերն այնքան շատ են, որ կարող ենք մեկ այլ ֆիլմ էլ նկարահանել։ Այս ֆիլմում դուք կտեսնենք այնպիսի Օֆելյա Համբարձումյան, որը նախկինում երբեք չեք տեսել»,- ասաց ֆիլմի ռեժիսոր Հայկ Վարդանյանը։
Ինչ վերաբերում է ֆիլմի նկարահանումներին, պրոդյուսեր Գագիկ Սուրենյանի խոսքով՝ անցել է «առանց անձրեւի»։
Նշենք, որ ֆիլմի գծային պրոդյուսերը՝ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն է, օպերատորը՝ Տարոն Պետրոսյանը, իսկ սցենարիստը՝ Մայա Մարդոյանը:




























