Կանադայի հայերը դատապարտել են Թուրքիայում վերջին շրջանում արձանագրված հայատյաց տրամադրությունների աճը:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը հիշեցնում է վերջին հարձակումների, մասնավորապես՝ Դիարբեքիրի հայկական եկեղեցու վրա, ինչպես նաեւ Ստամբուլում հնչած հակահայ կարգախոսների մասին: Այս մասին գրում է horizonweekly.ca կայքը:
«Երբ Թուրքիայում ներքին հակամարտություն է սկսվում, կառավարությունն անմիջապես բոլոր չարիքների մեջ մեղադրում է փոքրամասնություններին: Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել, սակայն նույն աշխարհընկալումն ու մտածելակերպը նկատվում է նաեւ Էրդողանի կառավարությունում: Մենք վճռականորեն դատապարտում ենք աճող հայատյացությունը եւ Կանադային՝ ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակցին, խնդրում դատապարտել Էրդողանի կառավարության կողմից փոքրամասնությունների նկատմամբ ատելության դրսեւորման վերջին դեպքերը»,- հայտարարել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Ժիրայր Բասմաջյանը:





























