Քանաքեռավան գյուղում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանին տան հարակից այգում ծառից կախված վիճակում հայտնաբերել է մայրը, որը ամուսնու հետ կտրել է ծառին փաթաթված պարանի մի հատվածն ու որդու դին տեղափոխել ծառի մոտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջից:
Դեպքի վայրի զննությամբ առգրավվել են երկու մասից բաղկացած պարանը և դանակը:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում պարզելու մահվան պատճառն ու հանգամանքները։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 24-ին Քանաքեռավանում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանի դին:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանը կրթահամալիրից յուրացրել է ավելի քան 22 մլն դրամ:
Էդգար Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կրթահամալիրի գլխավոր հաշվապահ Շամրիկ Պապիկյանին՝ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:
Գործը քննվում էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Վերջին նիստը կայացել էր սեպտեմբերի 18-ին:
Նշենք, որ Միքայելյանը նախկինում դատապարտված է եղել:




























