Մինչեւ այս տարվա փետրվարը ԲՀԿ-ն ընդդիմադիր ճամբարում էր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով սահմանադրական բարեփոխումների հարցում ԲՀԿ դիրքորոշման կտրուկ փոփոխությունը։

Նրա խոսքով՝ կար բլոկ, կար ոչ իշխանական ուժերի «եռյակ» (ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն»)։ Հարցին, թե ինչն էր սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարում ՀԱԿ դաշնակցի փաստացի կորստյան պատճառը, Մանուկյանը պատասխանեց. «Եթե բացատրեք, թե ինչ կատարվեց փետրվարին, ես կպատասխանեմ ձեր հարցին։ Փորձե՛ք ձեր հարցի պատասխանը նրանցից ստանալ։ Հարցրե՛ք Սերժ Սարգսյանին, թե ինչ արեց նա ԲՀԿ-ի հետ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սուր քննադատությունից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել էր պատգամավորի մանդատից եւ կուսակցության ղեկավարի պաշտոնից։

ԲՀԿ-ն երկար ժամանակ դեմ էր սահմանադրական բարեփոխումներին, սակայն վերջին ժամանակներս նա փոխել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով սահմանադրական բարեփոխումների նախագծին կողմ քվեարկելու մտադրության մասին։