Երգը միշտ պատկերացրել եմ՝ որպես բնության գույներ, սիրահարվել եմ այդ գույներին, հետո երգել։ Սրանք ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի խոսքերն են, որոնցով էլ սկսվում է «Օֆելյա» ֆիլմը։
55 րոպե տեւած ֆիլմում Օֆելյա Համբարձումյանը պատմում է իր մանկության, ընտանիքի, կարիերայի մասին։
«Ձայնս ժառանգել եմ մորիցս, ինքս էլ փոխանցել աղջկաս։ Մանկությունս անցել է երգի մեջ, նույնիսկ պատերազմի տարիներին եմ երգել զինվորների համար»,- հիշում է երգչուհին։
Քչախոս Օֆելյա խոսում է նույնիսկ իր անձնական կյանքի, ամուսնու հետ հարաբերությունների մասին. քամանչահար Նորայր Հովհաննիսյանի հետ ծանոթացել է մանկության տարիներին, միասին սովորել են երաժշտական ուսումնարանում, ապա ընտանիք կազմել։
«Ես ազնիվ մարդ եմ, նվիրված ընտանիքիս, բայց ինձ համար առաջնայինը երգն է եղել, արվեստը։ Եղել են դեպքեր, որ ընտանիքս ճաշ չի ունեցել, բայց ես գնացել եմ փորձի»,- պատմում է երգչուհին, ապա ավելացնում. «Խաղաղ ընտանիք եմ ունեցել։ Ես ու Նորայրը միասին ենք աշխատել, թերեւս դա է պատճառը, որ խանդի տեսարաններ չեն եղել իր կողմից, բայց ես խանդել եմ երեւի»։
Օֆելյա Համբարձումյանի երկու զավակները՝ Տաթեւիկ եւ Հովհաննես Հովհաննիսյանները, ընտրել են արվեստագետի ուղին։ Երգչուհին չի զարմանում՝ արվեստագետի ընտանիքում են մեծացել։
Տաթեւիկ Հովհաննիսյանը երգչուհի է, այսքան տարի անց շնորհակալություն է հայտնում ծնողներին՝ իրեն ազատություն տալու համար։
«Մայրս շատ փափուկ է եղել, փոքր ժամանակ ես քնել շատ էի սիրում, այդ պատճառով էլ մայրս գնացել էր դպրոց եւ խնդրել՝ դասերն ուշ սկսել»,- ժպիտով հիշում է Տաթեւիկ Հովհաննիսյանը։
70 տարի բեմում անցկացրած Օֆելյա Համբարձումյանը այսօր բեմ վերադառնալու մասին չի մտածում. ունի իր երազած պտղատու այգին՝ ծիրանենիներով, տունը՝ բնության գրկում։ Այնուամենայնիվ, իրեն միայնակ է զգում։
«Երանի նրանց, ովքեր ապրում են իրենց սկիզբն ու վերջը։ Իսկ ես միայնակ եմ»,- ֆիլմի վերջում ափսոսանքով նշում է երգչուհին։
«Օֆելյա» ֆիլմի թռիչքը մեկնարկում է Երեւանից, առաջիկայում այն ցուցադրվելու է արտերկրում։ Ինչպես ֆիլմից հետո շեշտում է երգչուհին, երեւանյան լեփ-լեցուն դահլիճը փաստում է՝ ինքը ճիշտ գործ է արել. Իր ժողովրդական, գուսանական երգը պետք է եղել հայ ժողովրդին։




























