Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, կատարում է իր ստանձնած պարտավորությունները, ցանկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հասնել Ղարաբաղյան հակամարտության լուծմանը, այլ ոչ թե այն ճանապարհով, որը բռնել է Իլհամ Ալիեւը։ Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական ֆորումի ժամանակ, հայտարարել է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Մենք պետք է օգտագործենք մեր ողջ ներուժը, սփյուռքում գործող կառույցները, որպեսզի ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, միջամտենք Իլհամ Ալիեւի գործողություններին»,- ընդգծել է Հակոբյանը։ Նրա խոսքով՝ դա ոչ միայն Հայաստանի, այլ ողջ հայ ազգի խնդիրն է։ «Մենք պայմանավորվել ենք, որ երբ սահմանին լարվածություն է առաջանում, մենք դիմում ենք սփյուռքի կառույցներին։ Նրանք ցույցերի, ճնշման միջոցով փորձում են այս կամ այն երկրների իշխանություններին մասնակից դարձնել այդ գործընթացին»,- ասել է Հրանուշ Հակոբյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը սահմանին լարվածություն է ստեղծում՝ փորձելով վնասել Հայաստանի զբոսաշրջությանը, տնտեսությանը, բերքահավաքի ժամանակ վախեցնել սահմանամերձ շրջանների բնակիչներին։ «Ալիեւը անընդհատ փորձում է մեր հանրապետությանը վնաս հասցնել։ Մենք համարժեք պատասխան ենք տալիս։ Մեր բանակի ոգին եւ հնարավորությունները թույլ չեն տալիս մտածել, որ այն կարող է նահանջել»,- ընդգծել է սփյուռքի նախարարը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ արձակած կրակողներից զոհվել է 3 խաղաղ բնակիչ, եւս 4-ը վիրավորվել են։