Ստեփանակերտ քաղաքի «Աղ ու հացով» ՈՒՀԱ թիմը Ստավրոպոլում հոկտեմբերի 29-30-ին անցկացվելիք «Կովկաս» լիգայի 2015թ կիսաեզրափաչին ընդառաջ կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ: NEWS.am-ի հետ զրույցում «Աղ ու հացով» ՈՒՀԱ թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ «Աղ ու հացով» թիմը հանդիսանում է լիգայի լավագույն թիմերից մեկը, այն հաղթահարել է 2 փուլը եւ հայտնվել կիսաեզրափակչում, այժմ թիմի տղաներն անհանգստացած են, քանի որ մեծ շանսեր կան լիգայի եզրափակչում հայտնվելու, սակայն, չեն կարող հոգալ Ստավրոպոլ հասնելու ճանապարհածախսը, այնտեղ մնալու եւ սննդի ծախսերը: Գեորգի Ավետիսյանը նշեց, որ եթե թիմն անցնի եզրափակիչ փուլ, կկարողանա մասնակցել ավելի բարձր լիգաների խաղերին։ Նրա խոսքով` թիմի մասնակցությունը տարբեր լիգաների, եւս մեկ անգամ առիթ է ստեղծում միջազգային բեմերում հնչեցնել Արցախ անունը:

«Նոր թիմ էր, որոշեցինք խաղալ «Կովկաս» լիգայում, քանի որ այն ավելի մոտ է եւ ճանապարհածախսի առումով ավելի մատչելի: Այն տեղի ունեցավ Ստավրոպոլում, մասնակցեցինք, անցանք քառորդ եզրափակիչ, բավականին լավ ելույթ էր, տղաներից մեկը հատուկ մրցանակ ստացավ ժյուրիի կողմից: Այժմ, եթե կարողանանք մասնակցել եւ անցնել եզրափակիչ, Սոչիում ունենալու ենք ավելի լավ դիրք` 4.5 րոպեանոց ելույթ, այնուհետեւ հնարավորություն կունենանք մասնակցելու այլ լիգաների: Այժմ միակ խնդիրը ֆինանսականն է, սցենարն ամբողջությամբ մենք ենք գրում, մինչեւ հիմա կարող էինք ֆինանսական հարցերը լուծել, բայց այժմ չենք կարող»,-ասաց Ավետիսյանը:

Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈՒՀԱ թիմը ստեղծվել է 2014թ., թիմի անդամները 10-ն` 22-30 տարեկան երիտասարդներ: