Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:
Նախագահը ողջունել է հյուրին եւ հույս հայտնել, որ նրա հերթական առաքելությունն արդյունավետ կլինի, մասնավորապես, Հայաստանի տնտեսության վրա արտաքին հատվածից շարունակվող բացասական հետեւանքների գնահատման եւ դրանց հաղթահարման, տնտեսական աճի խթանման ուղղությամբ լուծումներ գտնելու առումով: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերն ու համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:
Սերժ Սարգսյանը կարեւորել է ԱՄՀ կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման ամփոփումը եւ ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից արդյունքների հաստատումը:





























