ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) համոզված է, որ իր փեսային՝ Գոռ Առաքելյանին, առաջադրված մեղադրանքը եւ դատախազի պահանջած 9 տարին քաղաքական ենթատեքստ չունեն:
«Փաստաբանն իր պաշտպանական ճառն է ասել, հիմա սպասում ենք, թե դատարանն ինչ վճիռ կկայացնի: Էս ամեն ինչն իմ անձի հետ կապ չունի, քաղաքական ենթատեքստ էլ չունի: Սպասենք դատավորի որոշմանը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նշենք, որ Կարո Կարապետյանը նախկին ԲՀԿ-ական է: Գագիկ Ծառուկյանի դուրս գալուց հետո նա նույնպես լքեց ԲՀԿ-ն: Ըստ մամուլի հրապարակումների՝ պատգամավորը լավ հարաբերություններ ունի ՀՀԿ-ականների հետ: Ի դեպ, մարտի 25-ին մեզ հետ զրույցում Կարո Կարապետյանը նշել էր, որ ինքը Հանրապետական է:
Հիշեցնենք, որ դատախազը պահանջել է Գոռ Առաքելյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման: Մյուս ամբաստանյալներ Վալերիկ Հովհաննիսյանի համար դատախազը պահանջել է 2 տարի 6 ամիս, Ներսես Մելքոնյանի համար՝ 2 տարի ժամկետով ազատազրկում:
Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանն իր պաշտպանական ճառում ասել էր, որ քննիչը դիտավորյալ ծանր մեղադրանք է առաջադրել, քանի որ գործը հասարակական հնչեղություն է ունեցել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:




























