Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնապես հանձնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական հարցերի փաթեթը:
Հայոց ցեղասպանության 100 տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետհանձնաժողովի նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցի ժամանակ Գագիկ Հարությունյանը հիշեցրեց, որ հանձնաժողովի նախորդ՝ 5 րդ նիստի ժամանակ ինքը ներկայացրել է այս թեմայով զեկույց: «Հանձնաժողովը դիմել էր Իրավաբանների համահայկական ֆորումին, խնդրելով օգնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական փաթեթի մշակմանը: Այդ ժամանակ ես նշեցի, որ այս փաթեթի ստեղծումը լրացուցիչ աշխատանք է պահանջում, քանի որ խնդիրները տարաբնույթ են, համազգային նշանակություն ունեն ու բացի դրանից, պրոֆեսիոնալ մակարդակում այս հարցերի շուրջ բավականին շատ այլակարծություն կա»,- նշեց Գագիկ Հարությունյանը:
Աշխատանքները համակարգելու նպատակով, նրա խոսքով, դեռ հուլիսին Իրավաբանների համահայկական ֆորումի խորհրդին կից գիտավերլուծական կենտրոն է ստեղծվել: Ըստ Գագիկ Հարությունյանի՝ կենտրոնի պատասխանատու է նշանակվել Հայաստանի Սահմանադրական դատարանի խորհրդատվական իրավական ծառայության իրավական վերլուծության վարչության պետ Վլադիմիր Վարդանյանը: «Այստեղ ներգրավված են նաեւ հայ միջազգային իրավաբանները: Նրանք կարողացել են մշակել հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական հարցերի փաթեթ, որը ես այսօր պաշտոնապես հանձնել եմ հանրապետության նախագահին: Այս փաթեթը հրապարակման ենթակա չէ, այն ծառայողական գործածման համար է: Որոշ հարցերի շուրջ որոշակի գաղտնիություն պահպանելը դեռ անհրաժեշտություն է»,- նշեց Գագիկ Հարությունյանը:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրավական հարցերի փաթեթը, նրա խոսքով, քննարկվելու է նոյեմբերի 20-21-ը, քննարկման արդյունքներով որոշ մանրամասներ արդեն կներկայացնեն հասարակությանը: «Մենք համարում ենք, որ այս ուղղությամբ չմտածված քայլերը հղի են հետեւանքներով: Յուրաքանչյուր քայլ պետք է համաձայնեցվի՝ հաշվի առնելով հետեւանքները: Մենք կփորձենք հրավիրել նաեւ նեղ մասնագետների, որպեսզի կարողանանք որոշակիացնել մոտեցումները: Քննարկումների հիման վրա մենք արդեն կներկայացնենք հայեցակարգ, որի հիման վրա էլ կանցկացվեն հետագա աշխատանքները »,- ամփոփեց Գագիկ Հարությունյանը, հավելելով, որ դա բազմամյա աշխատանք է, որը պետք է իրականացվի մի շարք հարթություններում:





























