Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին միաձայն որոշում է ընդունել Համահայկական խորհուրդ ձեւավորելու աշխատանքները սկսելու մասին։ Այս մասին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի համակարգող Վիգեն Սարգսյանը։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստան-սփյուռք ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է քննարկել համահայկական մարմնի ստեղծման հարցը, որը մշտապես գործելու է Հանձնաժողովի հիմքում։
«Այս տարվա համատեղ աշխատանքը ցույց է տվել, որ նման համագործակցությունը արդյունավետ է ու հնարավոր։ Հետեւաբար այսօր, քննարկելով այդ առաջարկը, Պետական հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ են արտահայտվել այդ ուղղությամբ աշխատանքներ կատարելուն։ Ձեւավորվել է հատուկ կազմակերպչական հանձնաժողով, որը ղեկավարելու է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը»,- նշել է Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ ինքը նշանակվել է հանձնաժողովի քարտուղար։
Համագործակցելով սփյուռքի բոլոր համայնքների եւ կառույցների հետ՝ կարվի ամեն բան, որպեսզի մինչեւ գալիք տարվա սեպտեմբերի 20-ը՝ Հայաստանի անկախության 25-ամյակի նախօրեին, անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ տարվեն Համահայկական խորհրդի առաջին նիստի անցկացման համար։
Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովը եւս մեկ նիստ է անցկացնելու, որի ժամանակ կամփոփվեն եւ կվերլուծվեն 100-ամյակի միջոցառումները։ «Կպատրաստվի 100-ամյակի միջոցառումների մասին համապարփակ զեկույց, եւ կարծում եմ, որ այդ նիստը կարող է համընկնել Համահայկական խորհրդի առաջին նիստին»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը։




























