Ղարաբաղյան հակամարտության գոտում լայնամասշտաբ ռազմական գործողությունները բացառված են։ Այս մասին սեպտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով՝ հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր Ադրբեջանի Զինված ուժերն առաջին անգամ հրետանային սարքավորումներ են կիրառել, եւ շատերի մոտ կարծիք է ստեղծվել, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերականգնումն անխուսափելի է։ «Սակայն դա այդպես չէ։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը վստահ է, որ հաջողություն կունենա։ Վերջին տասնամյակների պատմությունը ցույց է տալիս, որ լարվածության սրումը միշտ չէ, որ հանգեցնում է պատերազմի»,- նշել է Մինասյանը։
Քաղաքագետի կարծիքով Բաքուն կարող է լարել իրավիճակը 2 պատճառով՝ պատասխան տալ նախկին զոհերի համար կամ շեղել իր հանրության ուշադրությունը ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից։ «Բացի այդ, շարունակվում է Արեւմուտքի ճնշումն Ադրբեջանի վրա մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով»,- հավելեց քաղաքագետը։




























