ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Սուրմալու» տոնավաճառում հայտնաբերել է առանց հայերեն մակնշման, ՌԴ արտադրության, առանց հավելումների «Տիրետյան» կերակրի աղի խմբաքանակներ` նախատեսված թթվեցման եւ պահածոյացման համար, որը հանվել է վաճառքից:
Այս առնչությամբ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Թեժ գծին» ահազանգ է ստացվել, համաձայն որի Երեւանի «Սուրմալու» առեւտրային կենտրոնում վաճառվում է չյոդացված, առանց հայերեն մակնշման, ոչ հայկական արտադրության կերակրի աղ:
Ահազանգի հիման վրա ՍԱՊԾ աշխատակիցների կողմից իրականացվել է աղի դիտարկում Երեւան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առեւտրի կենտրոնում:
Դիտարկման արդյունքում երկու վաճառակետերում հայտնաբերվել են առանց հայերեն մակնշման, ՌԴ արտադրության, առանց հավելումների «Տիրետյան» կերակրի աղի խմբաքանակներ` նախատեսված թթվեցման եւ պահածոյացման համար (1կգ-ոց 135 հատ, 01.04.2015թ. արտադրության եւ 1կգ-ոց 30 հատ, 01.04.2015թ. արտադրության): Տրվել են «Արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» կարգադրագրեր: Հայտնաբերված սննդամթերքն անմիջապես հանվել է վաճառքից եւ վերադարձվել մատակարարին»:




























