Հռոմի պապ Ֆրանցիսկոսին անհանգսատցնում է Սիրիայում քրիստոնյաների եւ ազգային փոքրամասնությունների հարցը, ինչի մասին Պապը բազմիցս բարձրաձայնել է եւ Վատիկանում, եւ ՄԱԿ-ում՝ շեշտելով, որ Սիրիայում խաղաղություն հաստատելու համար միջազգային հանրությունը պատասխանատվություն ունի, սակայն նրանց համար հավանաբար միեւնույն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արեւելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որը հնգօրյա այցով Հայստանում էր։
«Պապը բազմիցս այդ մասին խոսել է, սակայն նրանց համար հավանաբար միեւնույնն է»,-ասաց կարդինալը։
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Լեոնարդո Սանդրին կոչ արեց բոլոր քրիստոնյաներին միավորվել եւ աղոթել ոչ միայն Եղեռնի զոհերի, այլեւ Մերձավոր Արեւելքի, հատկապես՝ Սիրիայի ժողովուրդների համար, որոնք տառապում են պատերազմի, բռնության եւ ահաբեկչության հետեւանքով։
Նշենք, որ Կարդինալ Սանդրին Հայաստան է ժամանել սեպտեմբերի 23–ին հնգօրյա այցով: Սեպտեմբերի 24–ին Գյումրիի «Սրբոց Նահատակաց» եկեղեցում կարդինալը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոսի հետ մասին նախագահել է եկեղեցու օծման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սեպտեմբերի 27-ին, Արեւելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որպես Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայացուցիչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Մյուռոնօրհնեքի արարողությանը, որը կատարվում է յոթ տարին մեկ անգամ:
Կարդինալ Սանդրին ՀՀ նախագահին է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից նրան շնորհված Ոսկե մեդալը:
Կարդինալն արդեն մեկնել է Հայաստանից։





























