2009թ. առաջին կիսամյակում Հայաստանում հանցագործությունների աննախադեպ աճ է գրանցվել համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ 2009թ. առաջին վեց ամիսների ընթացքում հանցագործությունների աննախադեպ աճ է գրանցվել. 6849 դեպք՝ նախորդ տարվա 3898 –ի համեմատությամբ, կամ 71 տոկոս: Ընդ որում, ուղիղ համեմատական աճել է հանցագործությունների բացահայտումը 84,7 տոկոս, նախորդ տավա 75-ի փոխարեն, եւ միայն սպանությունների մասով է բացահայտումը նվազել:

Ըստ ոստիկանապետի՝ կա դրա չորս պատճառ: Նա նախ հանցագործությունների թվաքանակի աճը պայմանավորեց սոցիալական վիճակով, կամ այլ խոսքով՝ տնտեսական ճգնաժամով: Երկրորդ, նախորդ տարվա համեմատությամբ՝ շատ մանր դեպքեր են սկսել արձանագրվել ոստիկանության բաժիններում, իսկ նախկինում նման դեպքերը չէին արձանագրվում: Աննախադեպ աճ է գրանցվել տնտեսական հանցագործությունների եւ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով: Չորրորդ, ըստ Ալիկ Սարգսյանի՝ վերանում է այն արատավոր պրակտիկան, երբ ոստիկանությունը թաքցնում էր հանցագործությունների դեպքերը: Ընդ որում, Ալիկ Սարգսյանը որեւէ խնդիր չի տեսնում հանցագործությունների աճի մեջ, ավելին, հույս ունի, որ հաջորդ տարի ավելի է «բարելավելու» ցուցանիշները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ հանցագործությունների աճը պայմանավորել էր հանգամանաքով, որ երկրի ներքաղաքական կայուն վիճակը հնարավորություն է տալիս ոստիկանությանը կենտրոնանալ օրենքով իրեն վերապահված գործառույթների վրա: NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե ինչու որպես պատճառ ոստիկանապետը չնշեց այդ հանգամանքը, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Թե իշխանությունը, թե ընդդիմությունը չեն խանգարում ոստիկանությանը»: «Իսկ նախկինում խանգարո՞ւմ էին», հարցին էլ պատասխանեց. «Նախկինի մասին թող նախկիններն ասեն»: