Հայաստանը պատրաստ է նախաձեռնել եվրասիական կրթական նախագծեր՝ հիմք ընդունելով եվրոպական փորձը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բելառուսական կրթական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Բելառուսի Հանրապետությունը Բոլոնիայի գործընթացին անդամակցելու հայտ է ներկայացրել այս տարվա մայիսին՝ Երեւանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի եւ Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ժամանակ: Անդամակցության հարցում Հայաստանը, իբրեւ Բոլոնիայի քարտուղարության նախագահությունն ստանձնած երկիր գործընկերային աջակցություն է ցուցաբերել Բելառուսին:
Նշելով այս փաստը՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է Բոլոնիայի քարտուղարության եւ Եվրոպական կրթական տարածքում ինտեգրման փորձը փոխանցել Բելառուսին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս գործընկերներին:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին կարեւորել է կրթության ոլորտում եվրոպական ինտեգրման հայկական փորձը՝ հայ-բելառուսական երկկողմ կրթական կապերի զարգացման հարցում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ գիտության, բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավորություններին:




























