Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության համաձայնագրի շրջանակում հետեւողականորեն շարունակվում են իրականացվել համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով Ստեփանակերտից եւ Մարտակերտից սոցիալապես անապահով 20 երեխաներ այցելել են Երեւան՝ էքսկուրսիայի: Երեխաներին ընդունել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը:
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ երեխաները եղել են Էջմիածնի Մայր տաճարում, Գառնիում եւ Գեղարդում, «Հաղթանակ» զբոսայգում, Կենդանաբանական այգում: Երկօրյա էքսկուրսիայից երեխաները Արցախ են վերադարձել տպավորված, նվերներով եւ բարձր տրամադրությամբ:




























