Oգոստոսի 24-ին Երեւանում մեկնարկել են հայ-ամերիկյան ռազմաբժշկական վարժանքները:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարժանքների հիմնական խնդիրն է բացահայտել եւ կիրառել ԱՄՆ կողմից ՀՀ զինված ուժերին տրամադրված Էքսպեդիցիոն բժշկական արագ արձագանքման դաշտային հոսպիտալային համակարգը:
Մինչեւ վարժանքների մեկնարկը ԱՄՆ հրահանգիչները դաշտային հոսպիտալի հայկական անձնակազմի հետ Երեւանում անցկացրել են երկամսյա դասընթաց, որի ընթացքում վերապատրաստվել է դաշտային հոսպիտալի բժշկական եւ տեխնիկական անձնակազմը:
Դասընթացների եւ վարժանքների հիմնական նպատակն է Էքսպեդիցիոն բժշկական արագ արձագանքման դաշտային հոսպիտալային համակարգը հասցնել այնպիսի մակարդակի, որ այն կիրառելի լինի Հայաստանի տարածքում կամ տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կամ խաղաղապահ առաքելությունների ընթացքում:
Վարժանքներին, որպես դիտորդ, մասնակցում են ԳԴՀ ռազմաբժշկական ծառայության ներկայացուցիչները: Վարժանքներն ավարտվելու են այսօր՝ օգոստոսի 26-ին:




























