Երկիր մոլորակի 60 տարին լրացած բնակիչների թիվը 2050թ. կրկնակի կմեծանա եւ կհատի 2 մլրդ-ի շեմը։ Նման կանխատեսումներ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ իր կայքում Ծերերի միջազգային օրվա կապակցությամբ հրապարակելով այդ տեղեկությունները։

«Մարդկանց կյանքի տեւողությունը ողջ աշխարհում երկարում է։ Այսօր առաջին անգամ մարդկանց մեծամասնությունը կարող է հույս ունենալ, որ 60 տարեկանից երկար կապրի։ Ակնկալվում է, որ 2050թ. 60 տարեկանից մեծ բնակիչների թիվը Երկրի վրա կհատի 2 մլրդ-ի շեմը»,- ասված է կազմակերպության տեղեկանքի մեջ։

Այդպիսով՝ տարեցները կկազմեն մոլորակի բնակչության 22 տոկոսը, գրում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, ԱՀԿ փորձագետները կանխատեսում են, որ կաճի  նաեւ 80 տարեկանից բարձր մարդկանց թիվը։ 2050թ. այդ թիվը ներկայիս 125 մլն-ից կդառնա 434 մլն։ «2050թ. տարեց մարդկանց  80 տոկոսն ապրելու է բնակչության միջին եւ ցածր եկամուտ ունեցող երկրներում»,-ասված է ԱՀԿ փաստաթղթում։