Հայկական  Cube Technologies ընկերությունը բջջային հեռախոսի համար հավելված է մշակում, որը կկարողանա տերեւի միջոցով ճանաչել բույսը: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է նորաստեղծ ընկերության տնօրեն Վաչե Կիրակոսյանը: 

«Աշխարհում արդեն կան նման ծրագրեր, բայց առայժմ մեծ ճշգրտություն չեն ապահովում:  Մենք որոշել ենք լուծել այդ խնդիրը: Իսկ անելիք շատ կա: Նախ՝ պետք է տվյալների մեծ բազա ունենալ: Երկրորդ՝ հասկանալ, թե ինչ ալգորիթմով է պետք ճանաչել բույսերը՝ միայն տերեւի ձեւո՞վ, թե նաեւ միջներակներով եւ ներքին կառուցվածքով: Այդտեղ անելիք ունեն եւ մաթեմատիկոսները, եւ բուսաբանները», – նշել  է Կիրակոսյանը: 

Նոր ծրագիրը, հավելել է նա, կարող է օգտագործվել նաեւ գյուղատնտեսության մեջ, ինչպես եւ ամառանոց ունեցող այն մարդկանց կողմից, ովքեր ցանկանում են ճանաչել շրջակայքի բուսական աշխարհը:  «Իսկ մասնագետը կարող է ոչ միայն ճանաչել, այլեւ ախտորոշումներ անել: Մի տեսակ՝ ֆիտոպաթոլոգիա հեռավորության վրա», - նշել է Կիրակոսյանը:

Ծրագրի բետա-տարբերակը պատրաստ կլինի գարնանը, իսկ վաճառքի հանվող տարբերակը՝  2016թ. ամռանը:

Ծրագրի մշակումն իրականացվում է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում՝  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF)  տրամադրած դրամաշնորհի աջակցությամբ, որը ստացվել է տեխնոլոգիական նորաստեղծ ընկերություններին տրամադրվող Matching Grants ծրագրի շրջանակում՝  2015-ի մայիսին: