Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, տեղի ունեցավ Տիգրան Պասկեւիչյանի «Փակ սահմանի երկխոսություն» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է հայ-թուրքական սահմանի բացմանը:
Ավելի քան 1 ժամ տեւողությամբ ֆիլմի ընթացքում ներկայացվում են վերջին 25 տարիների կատարված աշխատանքը, որը վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը. Թուրքիայի պատվիրակության՝ Հայաստան կատարած առաջին այցից մինչեւ հայ-թուրքական արձասնագրություններ, Ղարաբաղյան հիմնահարցից՝ մինչեւ ցեղասպանության ճանաչում:
«Փակ սահմանի երկխոսություն»ը ներկայացնում է փաստեր, որոնք նորություն չեն ոչ մեկի համար, սակայն դրանց մասին առաջին անգամ խոսում են այն անձինք, որոնք ժամանակին աշխատել են սահմանի բացման ուղղությամբ:
«Շատ կարեւոր է, որ ժամանակին բանակցություններին մասնակցած պաշտոնյաներն այսօր թոշակառուներ են եւ դժվար չէր նրանց կարծիքն իմանալ: Այնուամենայնիվ, նույն այդ պաշտոնյաները բարդույթներ ունեին մեզ հետ շփվելիս: Այս ֆիլմում վերջին տարիներին կատարված բանակցային աշխատանքներն են, բայց միեւնույն է լրիվ այլ ջերմություն ես զգում, երբ վերանայում ես պատմությունը»,- ֆիլմի երեւանյան պրեմիերայից հետո հավաքվածներին ասաց Թուրքիայի պատմության հիմնադրամի ներայացուցիչ Մեզութ Թուֆանը:
Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արչա Գոչունյանն էլ շնորհակալություն հայտնեց ֆիլմը ստեղծողներին՝ նշելով, որ հմտորեն կարողացել են ներկայացնել իրավիճակը:
«Ֆիլմի հեղինակները ունեն նախանձախնդրություն, բծախնդրություն, որն էլ հենց ֆիլմի հաջողության գրավականն է»,-ասաց նա նշելով, որ ֆիլմի թուքալեզու տարբերակը առաջիկայում պատրաստ կլինի:




























