Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆեդերացիան անիրական է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նման կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։

«Հայտարարությունը, ինչպես հայտնի է, արվել է Իլհամ Ալիեւի եւ Միխայիլ Սահակաշվիլիի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ինչին ադրբեջանական կողմը բավական զուսպ կերպով արձագանքեց»,- հիշեցրեց Թորոսյանը՝ միաժամանակ հավելելով, որ դրա համար ծանրակշիռ պատճառներ կան։

«Վրաստանը հույս ունի ստեղծել միավոր, որն ուղղված կլինի Ռուսաստանի,նշանակում է՝ անուղղակիորեն նաեւ Հայաստանի դեմ։ Սա դուր է գալիս Ադրբեջանին, ինչից էլ փորձում է օգտվել Սահակաշվիլին»,- նկատեց պատգամավորը, սակայն հավելեց. «Ադրբեջանում լավ են հասկանում Սահակաշվիլիի մտադրությունը եւ հանուն Վրաստանի չեն գնա Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման»: Ըստ Թորոսյանի՝ տեսականորեն հնարավոր է տնտեսական դաշինք, սակայն դրանում պետք է մասնակից լինի նաեւ Հայաստանը։

«Յուրաքանչյուր երկիր, առանձին վերցրած, տնտեսապես թույլ է, սակայն միասին տարածաշրջանը կարող է տնտեսական լուրջ միավոր դառնալ, որը միջազգային հետաքրքրություն կարող է առաջացնել»:

Հարցին, թե որքանո՞վ է դա հնարավոր եւ ի՞նչ ժամկետներում կարող է իրականացվել, Շիրակ Թորոսյանը պատասխանեց, որ դա կլինի այն ժամանակ, երբ տարածաշրջանային բոլոր հակամարտությունները լուծված լինեն։

«Բոլոր 3 երկրներն էլ հիանալի կերպով հասկանում են, որ չեն կարող միայնակ տնտեսապես զարգանալ։ Դա բոլորին էլ ձեռնտու կլինի»,- ամփոփեց հանրապետական պատգամավորը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆեդերատիվ հարաբերությունների հնարավոր ձեւավորման մասին հուլիսին բարձրաձայնել էր Սահակաշվիլին։ Այդ ժամանակվանից հարցը ոչ միանշանակ գնահատական եւ արձագանք է առաջացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։