Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներից ներողություն է խնդրել այն սկանդալների համար, որոնք վերջերս ցնցել են Վատիկանը։ 

«Ես կուզեի Եկեղեցու անունից ձեզնից ներողություն խնդրել այն սկանդալների համար, որոնք վերջերս տեղի են ունեցել ինչպես Հռոմում, այնպես էլ Վատիկանում», - ասել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր լսումներից առաջ։  Հրապարակում հավաքվածները Հռոմի պապի այս խոսքերը ծափահարություններով են դիմավորել։ 

Հռոմի պապը չի ճշտել, թե ճշգրիտ ինչ սկանդալների մասին է խոսում, սակայն նշել է, որ Հիսուսը  «իրատես էր»  եւ սովորեցնում էր, որ սկանդալներն անխուսափելի են, բայց «վայ այն մարդուն, որի պատճառով են դրանք տեղի ունենում», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Վատիկանում մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ Հռոմեական հոգեւոր ժողովի բարձրաստիճան աշխատակիցը՝  43-ամյա աստվածաբան մոնսինյոր Քշիշտոֆ Խարամսան խոստովանել էր, որ նույնասեռական է եւ Հավատի վարդապետության եղբայրակցությանը մեղադրել էր  «հոգեգարին վայել հոմոֆոբիայի համար»։ Սուրբ աթոռի պաշտոնական ներկայացուցիչ Լոմբարդին մոնսինյոր Խարամսայի պահվածքը կոչել է   «անպատասխանատու» եւ հայտնել, որ հոգեւորականը  «այլեւ չի կարող կատարել իր գործառույթները Հավատի վարդապետության եղբայրակցությունում եւ համալսարանում»։