Սերժ Սարգսյանն Արա Աբրահամյանի միջոցով փորձելու է լրացնել այն դաշտը, որն ազատվել է Գագիկ Ծառուկյանից հետո: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը` նշելով, որ Սերժ Սարգսյանն այնպես է անելու, որ  Արա Աբրահամյանի ձեւավորած կուսակցությունում ունենա նաեւ իր մարդիկ, ինչպես դա ժամանակին եղել է ԲՀԿ-ի դեպքում:

«Արա Աբրահամյանի պարագայում Սերժ Սարգսյանին Հայաստանից դուրս արվել է առաջարկ, որից ինքը չի կարողացել հրաժարվել: Աբրահամյանն իր հայտնի ասուլիսում շատ անկեղծ էր այդ առումով, անուններ էր տալիս, թե ովքեր են իրեն երկրից դուրս հանձնարարություններ տալիս»,-ասաց Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի խոսքով, Ռուսաստանը Հայաստանում նոր քաղաքական ֆիգուրներ մտցնելով`  փորձում է իր ազդեցությունն ուժեղացնել, իսկ Սերժ Սարգսյանը, լինելով բավականին փորձված քաղաքական գործիչ  ներիշխանական խարդավանքներում, այժմ փորձում է իրավիճակն ի շահ իրեն օգտագործել. «Արա Աբրահամյանը Սերժ Սարգսյանի հետ նոր սահմանադրության շրջանակում խորհրդարանում փորձելու է ապահովել կայուն մեծամասնություն: Սակայն, Սերժ Սարգսյանը պետք է աչքի տակ ունենա հարեւան Վրաստանի փորձը, Իվանաշվիլին էլ էր սկզբում Սահակաշվիլիի աջակիցը, սակայն, բոլորս է տեսանք, թե ինչ եղավ»:

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել էր, որ մտադիր է ստեղծել կուսակցություն, որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: