ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կարող է համագործակցության եզրեր գտնել Արեւմուտքի հետ, այդ պատճառով էլ  որոշվեց, որ 2016թ. նա գլխավորի ԵՏՄ գերագույն մարմինը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը` նշելով, որ Տիգրան Սարգսյանը բավականին գործունյա կապեր ունի միջազգային ֆինանասական կազմակերպությունների, իսկ վերջին շրջանում, նաև համաշխարհային քաղաքական ուժերի հետ:

«Ներքին քաղաքական ֆակտորը նույնպես կապ ունի նրա նշանակման հետ: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը փորձում է այսօրվա ներքաղաքական դաշտում հավասարակշռություն մտցնել` ակտիվ քաղաքականություն վերադարձնելով իր  վստահելի դեմքերից մեկին: ԵՏՄ գերագույն մարմինը գլխավորելը որոշ առումով նոմինալ պոստ է, բայց բոլորիս էլ հասկանալի է, որ դա այնուամենայնիվ տեխնիկական պաշտոն է: Որոշ մոսկովյան աղբյուրներ ասում են, որ վերջին 1 տարվա ընթացքում Տիգրան Սարգսյանն ավելի շատ գտնվել է Մոսկվայում և Պետերբուրգում, քան Վաշինգթոնում,  այսինքն` նրա վերադարձը ակտիվորեն նախապատրաստվել է»,-ասաց Վիգեն Հակոբյանը:

Նշենք, որ  Ղազախստանում  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2016թ. փետրվարին կգլխավորի ԵՏՄ գերագույն մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ հոկտեմբերի 16-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի Կոլեգիայի նախագահի պաշտոնը 2016թ. փետրվարի 1-ից անցնում է ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանին: