Յութա նահանգում գիտնականները պեղումների ժամանակ դինոզավրերի մի քանի տարօրինակ տեսակներ են գտել: Այդ գտածոներից են նաեւ Յուրյան դարաշրջանին նախորդած տրիասի դարաշրջանի հսկայական ժանիքավոր պտերոզավների մնացորդները:

Պտերոզավրերի այդ նոր ներկայացուցիչները հսկայական չափեր են ունեցել եւ ապրել են մոտավորապես 210 միլիոն տարի առաջ: Խոշոր թռչող սողուններն ունեցել են մեծ ու սուր ատամներ ու հզոր ծնոտ, ինչի շնորհիվ կարողացել են հեշտությամբ ուտել կոկորդիլոսների նման ոչ մեծ արարածներին, հայտնում է «DailyMail»-ը:

«Ուղիղ ձեր ուղղությամբ թռչող նման հրեշավոր արարած տեսնելիս ՝ պարզապես կարելի է  խելագարվել»,- ասում է հնէաբան Բրուքս Բրիթը, որը ներկայացնում է Բրիգամ Յանգի անվան համալսարանը: Վերջերս Դալլասի համաժողովում գիտնականը զեկուցել է պեղումների նախնական արդյունքների մասին:

Այդ պտերոզավրերի աճյունը գտնելը շատ մեծ նշանակություն ունի գիտության համար, քանի որ այն լրացնում է հնէաբանական տարեգրության մեջ առկա բացթողումները: Այդ աճյունը կապող օղակի դեր է կատարում ՝ ավելի վաղ ժամանակաշրջանում ապրած փոքրիկ պտերոզավրերի ու ավելի ուշ հայտնված հսկայական պտերոզավրերի միջեւ: Սա տրիասի դարաշրջանի պտերոզավրերի առաջին աճյունն է, որը հայտնաբերվել է Հյուսիսային Ամերիկայում, բացառությամբ այն սողունի, որին ավելի վաղ հայտնաբերել էին Գրենլանդիայում, ասում է Բրիթը:

Պտերոզավրերի հսկայական աճյուններից բացի մասնագետները նաեւ հայտնաբերել են տարօրինակ տեսակի սողուն, որի գլուխը թռչնի գլուխ է հիշեցնում, ձեռքերը ՝ թիթեռի թեւեր, իսկ պոչի ծայրում էլ ճանկ կա: Հնէաբանները գտել են եւս մի քանի ոչ մեծ արարածների, որոնք sphenosuchians են կոչվում: Դրանք եղել են կոկորդիլոսների նման, բայց մեջքին զրահ ունեին, հայտնում է Informing-ը: