Արեւմտյան Ավստրալիայի համալսարանի մասնագետները եւ ուսանողները Ռոթնեսթ կղզում անցկացրած պեղումների ժամանակ եզակի որսորդական զենք են գտել՝ նիզակի ապակե ծայրեր: Այս մասին գրում է Polit.ru-ն:
1838-1931 թվականներին Ռոթնեսթ կղզին բանտ է եղել, որտեղ պահվել են տեղաբնակ բանտարկյալները: Մասնագետները ենթադրում են, որ նիզակները նրանց օգնել են ավելացնել շիլայից եւ կաղամբից բաղկացած ճաշացանկը: Նիզակի ծայրերը պատրաստել են ապակու բեկորներից: Դրանցով կղզու վրա գտնվողները օձ եւ ձուկ են որսացել:
Մասնագետները ենթադրում են, որ գտածոները շուրջ 100 տարեկան են: Տեղաբնակների ավանդույթների նկատմամբ հարգանքից ելնելով՝ հնագետները նիզակների ծայրերը կրկին թաղել են հայտնաբերած վայրում: Պրոֆեսոր Լեն Քոլարդի խոսքով, ավանդույթի համաձայն, հողի մեջ հայտնաբերած հին զենքերը տանելու դեպքում տերերի հոգիները կհետեւեն դրանց:






























