Մինչեւ տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ մի հանդիպում էլ չի լինի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Իհարկե, նրա խոսքով, ղարաբաղյան հարցի կարգավորման շրջանակում բոլոր հանդիպումներն ավելի լավ են, քան դրանց բացակայությունը, դրանք խաղաղ գործըթնացի առկայության պատրանք է ստեղծում: «Բայց ես չեմ կարծում, թե մինչեւ տարեվերջ նախագահների միջեւ որեւէ հանդիպում կլինի, ես այդ հանդիպման իմաստը չեմ տեսնում: Ալիեւը վարում է քաղաքականություն, որի նպատակն է Հայաստանի փլուզումը: Խնդիրը Ղարաբաղը չէ: Ադրբեջանի ու ամբողջ թուրքական աշխարհի նպատակը Հայաստանը ոչնչացնելն է»,-շեշտեց Արա Պապյանը:
Փորձագետը միաժամանակ հավելեց, որ այսօրվա դրությամբ շատ վատացել են Ադրբեջանի ու Արմուտքի հարաբերությունները: «Վատանում է նաեւ Ադրբեջանի ներքին իրավիճակը, մասնավորապես տնտեսական: Երկրում անկայունություն է տիրում»,- հավելեց Արա Պապյանը:




























