Ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նրա խոսքով, Թուրքիան հստակ հակաասադական դիրքորոշում ունի: «Թուրքիան ուզում է Սիրիայում իշխանության բերել սուննիներին, քանի որ դա համահունչ է թուրքական նեոօսմանիզմի քաղաքականությանը»,-կարծիք է հայտնել վերլուծաբանը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների հետագա վատթարացումը կհանգեցնի Թուրքիայի տնտեսական թուլացման:
«Որքան Թուրքիան թույլ լինի, այդքան ցածր կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նրա միջամտության հավանականությունը»,-նկատել է Պապյանը:
Նրա խոսքով, քրդական գործոնին զուգահեռ, Թուրքիայում ակտիվանում է նաեւ ալեւիներ գործոնը: «Հայաստանը պետք է առավել ակտիվ լինի եւ համապատասխան քաղաքականություն վարի այդ ազգային ու կրոնական փոքրամասնությունների հետ»,-ընդգծել է Արա Պապյանը:




























