Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում այսօր` օգոստոսի 30-ին տեղի է ունեցել հանդբոլի ՀՀ Վարչապետի գավաթի միջազգային խաղարկության շնորհանդեսը: Տղամարդկանց մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 2-4-ը, Վանաձորում: Արդեն երկրորդ անգամ անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն Իրանի, Վրաստանի, Բելառուսի եւ Հայաստանի հավաքականները: Շնորհանդեսում Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը հայտարարել է, որ երկրորդ անգամ անցկացվող մրցաշարն արդեն արժանացել է միջազգային ֆեդերացիայի ուշադրությանը: Սպասվում է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆայի ներկայությունը:

Այս անգամ Հայաստանի հավաքականը համալրել են նաեւ հանդբոլի Ֆրանսիայի առաջնության տարբեր լիգաներում հանդես եկող հայազգի մարզիկներ, որոնք նույնպես այսօր ներկա են եղել լրագրողների հետ հանդիպմանը: Նրանք վստահեցրին, որ հավաքականում մեծ պատվախնդրությամբ են հանդես գալու եւ փորձելու են օգնել թիմին հաջողություն ունենալ միջազգային հանդիպումներում:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան մեր հավաքականի հզորացման ռազմավարությունում ներքին ռեսուրսը զարգացնելուց բացի, շեշտը կդնի նաեւ սփյուռքում պրոֆեսիոնալ բարձրակարգ հայազգի հանդբոլիստների ներգրավման վրա: Հաջորդ տարվանից տղամարդկանց Հայաստանի հավաքականը պարբերաբար կմասնակցի միջազգային մրցումների:

Հատուկ նշվել է, որ Վարչապետի գավաթի խաղարկության կազմակերպման համար պետական միջոցներ չեն ծախսվել: Ֆեդերացիային աջակցել են «Հայռուսգազարդ», «Գառնի ջուր» եւ «Սյունիքի մսամթերք» ընկերությունները: