SleepingInAirports.net կայքը կազմել է քնելու համար ամենահարմարավետ եւ ամենաանհարմարավետ օդանավակայանների ցանկը։ Ցուցակը հիմնված է ճանապարհորդողների գնահատականների վրա։
Քնելու համար ամենահարմարավետը Սինգապուրի Չանգի միջազգային օդանավակայանն է։ «Գրեթե բոլոր քվեարկողները համաձայն են, որ տերմինալները անվտանգ են, հարմար եւ խաղաղ՝ քնելու համար»,- ասված է նկարագրության մեջ։
Երկրորդ տեղում է Հարավային Կորեայի Ինչխոն օդանավակայանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆինլանդիայի Հելսինկի-Վանտաա օդանավակայանը։ Դրան հաջորդում է Մյունխենի օդանավակայանը, իսկ հնգյակը եզրափակում է Ավստրիայի միջազգային օդանավակայանը, փոխանցում է Gazeta-ն։
Քնելու համար ամենաանհարմարավետ օդանավակայանը Իսլանդիայի Կեբլավիկ օդանավակայանն է։ Ճանապարհորդների խոսքով՝ օդանավակայանի աշխատակիցները իրենց թույլ չեն տվել քնել՝ ասելով, որ օդանավակայանը հյուրանոց չէ։
Երկրորդ տեղում Ֆրանսիայի Բովեի միջազգային օդանավակայանն է, երրորդ տեղում է Իտալիայի Օրիո ալ Սերիո միջազգային օդանավակայանը։ Հնգյակում են Մեծ Բրիտանիայի Լութոնի օդանավակայանը եւ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ օդանավակայանը։





























