Ֆինանսական ճգնաժամի ընթացքում Եվրոպայում 50 հազար ձի է անհետացել: Հնարավոր է՝ նրանց որպես ուտելիք վաճառել են Մեծ Բրիտանիային: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով պարենային անվտանգության հարցերով փորձագետ Քրիս Էլիոթին:
Պրոֆեսոր Էլիոթը հայտարարել է, որ կենդանիները սկսել են անհետանալ 2008 թվականի ճգնաժամից հետո: Նրա խոսքով, Եվրոպայում բնակվող ընտանիքները, ամենայն հավանականությամբ, վաճառել են ձիերին, քանի որ նրանց պահելը թանկ է: Այսպիսով, կենդանիները հայտնվել են հանցագործների ձեռքում:
Փորձագետը նախազգուշացրել է, որ սպանված կենդանիների միսը կարող էր օգտագործվել էժան բուրգերների եւ կիսաֆաբրիկատների պատրաստման համար:
«Կարող է անհավանական թվալ, որ 50 հազար ձիեր պարզապես անհետացել են: Սակայն հանցավոր խմբավորումների գործունեության մասշտաբները հսկայական են»,- ասել է Էլիոթը: Նա նաեւ հավելել է, որ պարենային արդյունաբերության ոլորտում խարդախությունը բիզնես է, որը միլիարդավոր ֆունտ սթեռլինգի է հասնում:
Ըստ Gazeta-ի, այլ փորձագետներ նույնպես հաստատում են, որ Էլիոթի եզրահանգումներն իրատեսական են:





























