Հայաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որը սերտորեն համագործակցում է միաժամանակ ե՛ւ Եվրասիական տնտեսական միության, ե՛ւ Եվրամիության հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի ղեկավար, լեհ փորձագետ Մատեուշ Պիսկորսկին:

Նրա խոսքով, ներկայում Հայաստանը փորձում է կառուցողական երկխոսություն վարել Եվրամիության հետ, ինչը վկայում է, որ եթե Երեւանը հաջողության հասնի, ապա Հայաստանը կարող է որոշակի կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական եւ Եվրոպական միությունների միջեւ:

«Հույս ունեմ, որ Հայաստանն իսկապես կդառնա առաջին երկիրը, որը կկարողանա միաժամանակ սերտորեն համագործակցել ինտեգրացիոն երկու կառույցների հետ: Մենք հրաշալի հասկանում ենք, որ եթե չլինեին ընթացիկ քաղաքական պատճառները, այս երկու կառույցները դատապարտված են սերտ փոխգործակցության: Հույս ունեմ, որ հայ դիվանագետները կկարողանան փոխգործակցության սխեմա մշակել, որը կհամապատասխանի երկու կառույցների շահերին, բայց, առաջին հերթին, հենց Հայաստանի շահերին»,- ընդգծեց Մատեուշ Պիսկորսկին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարները Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցություններ սկսելու մանդատ են ընդունել՝ հետագա փոխգործակցության շուրջ նոր համաձայնագիր կնքելու համար: