Շանն առաջինն ընտելացրել են ոչ թե Եվրոպայում, ինչպես ավելի վաղ համարվում էր, այլ Կենտրոնական Ասիայում, Նեպալի կամ Մոնղոլիայի շրջանում: Այսպիսի եզրահանգման են եկել ժամանակակից շների գենետիկ հետազոտություն անցկացրած ամերիկյան գիտնականները:

Քորնելի համալսարանի մասնագետներն առաջին անգամ հաշվի են առել, այսպես կոչված, գյուղական շների ԴՆԹ-ն, որոնք ո՛չ վայրի, ո՛չ էլ ընտանի են եղել: Նրանք հազարամյակներ շարունակ բնակվել են մարդկանց անմիջական հարեւանությամբ, սակայն ինքնուրույն են սնունդ հայթայթել եւ սեռական զուգընկեր փնտրել:

ԴՆԹ-ի նմուշներ են վերցվել 38 երկրների 549 գյուղական շներից: Բացի այդ, համեմատության համար նյութի փորձանմուշ են վերցրել նաեւ 161 ժամանակակից ցեղի 4676 զտարյուն շներից: Ընդհանուր առմամբ, հետազոտողներն անալիզի են ենթարկել 185 հազար գենետիկ մարկեր:

Ըստ «Informing»-ի, հնագույն գայլերն առաջին անգամ շան են վերածվել Կենտրոնական Ասիայում՝ Մոնղոլիայում եւ Նեպալում: Արդյունքում՝ արդեն ընտելացումից հետո, գյուղական շները տարածվել են մայրցամաքի այլ շրջաններում, առաջին հերթին՝ Հնդկաստանում եւ Արեւելյան Ասիայում: