Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ակտիվ կենսակերպ է վարում, եւ նրա հիվանդության մասին պտտվող լուրերն անհիմն են։ Նման հայտարարություն է տարածել Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար պադրե Ֆեդերիկո Լոմբարդին։

«Հռոմի Պապը ինչպես միշտ ակտիվ գործունեություն է ծավալում։ Եվ անհիմն տեղեկություններ տարածելն անպատասխանատու քայլ է՝ ուշադրության անարժան»,- մեկնաբանել է Լոմբարդին իտալական Il Fatto Quotidiano պարբերականում հայտնված նորությունը։

Թերթը պնդում է, որ մի քանի ամիս առաջ պոնտիֆիկոսն այցելել էր Պիզայի հատուկ մասնագիտացված կլինիկա (նրա ուղղաթիռը նկատել էին մոտակայքում), որտեղ գլխուղեղի քաղցկեղի մասնագետ Տականորի Ֆակուշիման զննել էր նրան։ Բժշկի խոսքով՝ Ֆրանցիսկոս Պապի ուղեղի կիսագնդերից մեկում փոքր ստվեր է նկատվել, որը իրականում ուռուցք է, բայց վիրահատության կարիք չկա. այն դեղորայքային բուժում է պահանջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վատիկանի հերքումից հետո թերթի գլխավոր խմբագիր Անդրեա Կանջինին վստահեցրել էր, որ նորությունը հիմնավոր է, եւ Վատիկանի հերքումը միանգամայն սպասելի եւ բնական արձագանք է։