Հայաստանի պետական կառավարման պատկան մարմինները պատրաստակամ են սատարել ԿԽՄԿ-ին` մարդասիրական ուղղվածության բոլոր նախաձեռնություններին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզիի եւ  Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Պատրիկ Վիալիի հետ հանդիպմանն ասել է պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ՊՆ եւ ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության միջեւ համագործակցության ընթացիկ խնդիրներն ու օրակարգային հարցերը, նախանշել առաջիկա համատեղ ծրագրերը:

Հանդիպման ժամանակ ԿԽՄԿ պատվիրակները արժեւորել են Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովում ՀՀ պետական կառավարման մարմինների եւ հատկապես պաշտպանության նախարարության ներդրումը` շնորհակալություն հայտնելով համագործակցության եւ ներկայացուցչության բարձր մակարդակի համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Արցախյան ազատամարտի ժամանակ անհայտ կորածների մտացածին թվաքանակի եւ զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների տարածած ապատեղեկատվությունը եւ հայկական կողմին հասցեագրված անպատասխանատու մեղադրանքները նպատակամիտված են ոչ միայն միջազգային հանրությանը ապակողմնորոշելուն, այլեւ ադրբեջանական հասարակությունում հակահայկական տրամադրությունները հանցավոր կերպով խորացնելուն:

Հանդիպումը եզրափակելիս Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին եւ դրա հայաստանյան ներկայացուցչությանը համագործակցության բարձր մակարդակի համար՝ վստահեցնելով, որ ՀՀ պետական կառավարման պատկան մարմինները պատրաստակամ են սատարել կազմակերպության` մարդասիրական ուղղվածության բոլոր նախաձեռնություններին: