Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ, հաշվի առնելով ԵԱՏՄ եւ ԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ հանդիպմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, թե, ողջունելով նորանշանակ դեսպանին, էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ՀՀ եւ ԳԴՀ միջեւ ձեւավորված են լավ հարաբերություններ, իսկ Գերմանիայի կառավարությունը մշտապես աջակցում է երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը եւ ընդլայնմանը:
Մաթիաս Քիսլերը` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Դեսպանը խնդրել է ներկայացնել համագործակցության համար առաջարկվող ոլորտները:
Կարեն Ճշմարիտյանը կարեւորել է գերմանական ընկերությունների տարբեր ձեւաչափով ներգրավման հնարավորությունը ներկայումս իրականացվող ենթակառուցվածքային այնպիսի խոշոր ծրագրերում, ինչպիսիք են` Իրան-Հայաստան երկաթգծի, Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը եւ էներգետիկայի բնագավառի այլ ծրագրեր:
Նախարարն առաջարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցությունը խթանելու նպատակով հաջորդ տարվա ընթացքում կազմակերպել ոլորտային գործարար համաժողովներ:
Մաթիաս Քիսլերը հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ համագործակցության նոր համաձայնագրի շուրջ նախատեսվող բանակցությունների ընթացքով: Կարեն Ճշմարիտյանը ասել է, որ Հայաստանը մտադիր է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ, հաշվի առնելով ԵԱՏՄ եւ ԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:




























