Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին կոռուպցիայի համար 2 տարի ժամկետով հեռացրել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հետ կապված ցանկացած գործունեությունից: Lenta.ru-ի փոխանցմամբ, այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Որակազրկվել է նաեւ ՖԻԴԵ-ի նախկին գլխավոր քարտուղար, սինգապուրցի Իգնատիուս Լեոնգը:
ՖԻԴԵ-ի անցկացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ֆեդերացիայի նախագահի անցյալ տարվա ընտրություններից առաջ այդ պաշտոնին հավակնող Կասպարովը եւ կազմակերպության այն ժամանակվա գլխավոր քարտուղար Լեոնդը պայմանավորվածություն են ձեռք բերել, որի շրջանակում Կասպարվը Լեոնգին 500 հազար դոլար է վճարել՝ ասիական տարածաշրջանից ձայներ ստանալու համար: Արդյունքում Կասպարովը պարտվեց, իսկ կազմակերպության ղեկավարի պաշտոնում վերընտրվեց Կիրսան Իլյումժինովը:
Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանում ՖԻԴԵ-ի ներկայացուցչության տնօրեն Բերիկ Բալգաբաեւը հաղորդել էր, որ ԱՄՆ իրավապահ մարմիններն այդ երկրում բնակվող Կասպարովի դեմ քրեական հետապնդում սկսելու հիմքեր են ստացել:



























